Պետք չէ Եվրամիության կողմից Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորության դեմ հանդես գալ։ Միեւնույն ժամանակ կարեւոր է հիշել, թե ով է Հայաստանի գործընկերը եւ ով է խաղաղություն ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստանը, ըստ նրա, պետք է աշխատի բոլոր ուղղություններով։


«ԵՄ-ն մեր թշնամին չէ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն այս տարածաշրջանում որոշակի խնդիրներ ունի մեր ռազմավարական գործընկերների, մեր հարեւանների հետ։ Եվ ես հիմա նկատի ունեմ Ռուսաստանն ու Իրանը։ Կարծում եմ, որ մենք չպետք է դեմ լինենք դիտորդական առաքելություններին, հատկապես, եթե այդ մարմինները կարողանան համապատասխան աշխատանք կատարել»,-նշեց Օհանյանը։

Ընդ որում, նա ընդգծեց, որ դիտորդական առաքելությունը կարող է միայն արձանագրել իրավիճակի փոփոխությունները եւ այդ ամենը ներկայացնել եվրոպական հարթակներում: Սակայն տվյալ հարթակները հնարավորություն չունեն որեւէ այլ միջոց կիրառել։

«Մենք պետք է հաշվի առնենք, թե ով է այսօր Հայաստանի գործընկերը, ով է խաղաղություն ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ում զորքերն ու զորամասերն են տեղակայված Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ ում հետ մենք այսօր ունենք ռազմավարական գործընկերություն»,-նկատեց Օհանյանը։

Ընդդիմադիրն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը: Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբնական փուլում՝ իր իրավունքների պաշտպանության եւ ինքնապաշտպանության իրականացման համար: «Հետեւաբար, Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, անընդունելի են։ Լեռնային Ղարաբաղում կան հայկական ուժեր, բայց ոչ Հայաստանի զորքեր։ ԼՂՀ պաշտպանության բանակը ստեղծվել է բացառապես Լեռնային Ղարաբաղի ներուժի հիման վրա»,-վստահեցրեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նաեւ նշեց բոլոր ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը հնարավորություն ունենան լիարժեք իրականացնել իրենց անմիջական պարտականությունները: Խոսքը, մասնավորապես, խաղաղապահության միջազգային մանդատի տրամադրման եւ դրանց թվաքանակի ավելացման մասին է։