Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության, 2014 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 145 մլրդ դրամ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այս խոշորացված ցուցանիշները երեկ կառավարությունն ընդունել է ի գիտություն և հավելում. «Մաքսային միության անդամ դառնալու պարագայում Հայաստանի բյուջեի եկամուտները կաճե՞ն, թե կնվազեն: Երեկ այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը նիստում ներկայացնում էր վերը բերված ցուցանիշները:

«Բյուջեի այս նախագծում, որը այսօր ներկայացված է, այդ գործոնները դեռեւս հաշվի չեն առնված»,- ասաց փոխնախարարը:

Նկատենք, որ նախատեսվում է հենց 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ինչի դեպքում պետբյուջեի եկամուտները մեղմ ասած էական փոփոխություններ են կրելու, քանի որ ՀՀ սահմանին գործելու է մաքսային նույն ռեժիմը, ինչ ՌԴ-ի սահմանին է: Օրինակ Հայաստանում ներկայումս հավաքագրվող ամբողջ ԱԱՀ-ի մոտ կեսը գանձվում է ներկրվող ապրանքներից հենց սահմանին: Իսկ Մաքսային միության սահմանին ԱԱՀ-ն չի գանձվում: Այլ կերպ ասած, երեկվա ներկայացված ցուցանիշները բոլորովին էլ վերջնական չեն»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):