Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհից այրվածքներ ստացած 2 վիրավոր զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին,  հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա ասաց, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տա:


Խաչատրյանը նշեց, որ այրվածքներ ստացած 1 զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։