«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանային դարպասները, որպեսզի թույլատրվի առեւտուրը, որը օգուտ կբերի թուրքերին, հայերին, քրդերին եւ ադրբեջանցիներին, գրում է Gerceknew-ը։
Փայլանն այցելել է Կարսի նահանգի Աքյակա սահմանային դարպասներ եւ ասել, որ դրանց բացումն օգուտ կբերի ոչ միայն թուրքերին ու հայերին, այլեւ քրդերին ու ադրբեջանցիներին։
«Ադրբեջանցիները, հայերը, թուրքերը եւ քրդերը բոլորն էլ պատկանում են այս տարածաշրջանին, եւ, ցավոք, նրանք հեռացել են միմյանցից այն տրավմաների պատճառով, որ մենք ապրել ենք հարյուրամյակի ընթացքում: Հիմա ժամանակն է, որ նրանք գրկեն միմյանց»,- ասել է նա։
«Ի՞նչն է խանգարում բացել այդ սահմանը»,- հարցրել է Փայլանը` հավելելով, որ սահմանը փակելուց կպարտվեն բոլորը, այդ թվում` տարածաշրջանում ապրող թուրքերը:
Բացվելու դեպքում նա առաջարկել է դարպասներն անվանել հանգուցյալ հայ լրագրող Հրանտ Դինքի անունով, որը 16 տարի առաջ Ստամբուլում սպանվել էր ծայրահեղ ազգայնականի կողմից, քանի որ Դինքը նրանցից էր, ովքեր ամենաշատն են քարոզում սահմանի բացման համար։