Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։


«Այն ժամանակ, երբ Ավստրալիայի պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ամենաքիչը, որի հույս կարող ենք ունենալ մենք՝ որպես ավստրալացիներ, Ավստրալիայի դաշնային կառավարության հրապարակային հայտարարություններն են՝ ի աջակցություն Արցախի ( Լեռնային Ղարաբաղ) բնիկ հայ ժողովրդի, ի աջակցություն խաղաղ բնակչության՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անմարդկային և անօրինական շրջափակումը դադարեցնելու: Հիմա է ժամանակը հրապարակային գործողությունների՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի», - գրված է նամակում։

Իսկ Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովի նամակում ասվում է. «Այս անխիղճ մարտավարությունը, ծպտված բնապահպան ցուցարարներն ազդարարում են, որ շրջափակումը համակարգված հարձակում է Արցախի Հանրապետության դեմ՝ բնակչության համար անդառնալի մարդասիրական հետևանքներ ստեղծելու նպատակով, Արցախի հայերի համար կյանքն անտանելի դարձնելու հստակ մտադրությամբ՝ հասնելու էթնիկ զտումների՝ իրենց գրեթե չքողարկված նպատակին»։