ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից այսօր կազմակերպած լսումների ժամանակ հնչեցված կարծիքները նպատակ ունեն նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։ Իր ֆեյսբուքյան էջում Ռուբինյանը նշել է․

«Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։ Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։ Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է՝ և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին։


Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։ Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։

Այս բոլոր տեքստերը, սիրելի բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։ Իսկ թե ինչու են նրանք սա անում, կռահեք ինքներդ»։