Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Իրանի մասին ոչ կառուցողական արտահայտությունների համար, հաղորդում է Tasnim-ը։
Քանանին ափսոսանք է հայտնել ֆրանսիացի պաշտոնյաների ոչ կառուցողական հայտարարությունների կրկնության համար:
Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը ռեժիմի վարչապետի հետ, որն աշխարհում հայտնի է որպես կազմակերպված ահաբեկչության, բռնության, կոտորածի եւ Արեւմտյան Ասիայում, այդ թվում՝ Պաղեստինում, ճնշված կանանց ու երեխաների տեղահանման չարագուշակ երեւույթի մարմնացում, ափսոսանքի ու դատապարտման է արժանի»։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը քննադատում է Իրանի խաղաղ միջուկային գործունեությունն այն ժամանակ, երբ նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ Իսրայելն ունի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, բայց չի հանդուրժում որեւէ միջազգային վերահսկողություն եւ, ունենալով օկուպացիայի եւ ռազմական ագրեսիայի մռայլ ռեկորդ, ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:
Քանանին ընդգծել է, որ Ֆրանսիայի համար տեղին կլիներ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե «ինչպես են սիոնիստական ռեժիմի ահաբեկիչները ձեռք բերել միջուկային զենքի հասանելիություն, այլ ոչ թե կեղծ մտահոգություն հայտնել Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ, որը գտնվում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»։
Քանանին ֆրանսիացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել ուղղել իրենց «սխալ» մոտեցումը, վերադառնալ փոխադարձ հարգանքի սկզբունքին եւ դադարեցնել վնաս հասցնել երկկողմ կապերին:
Հաղորդվում է, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեությունն «անխուսափելիորեն հետեւանքներ կունենա»։
Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի զեկույցի հիման վրա Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում ուրանի հարստացման կապակցությամբ: