Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց: Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի` Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել։


Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով` Եղիշեն այդ կացարանում չի ապրել, զինվորների հետ շատ շփվելու հնարավորություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։ Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն,

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը եւ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը. երկուսն էլ կալանավորված են: