Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Զոհերի թվի մասին հստակ տվյալներ չկան. հաղորդվում է մինչև անգամ 50 զոհի մասին:
7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում: Մի քանի շենք է փլվել. փլատակների տակ ենթադրաբար կարող են մարդիկ մնացած լինել:
«Քահրամանմարաշ-Պազարչիկ կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04.17-ին (Երևանի ժամանակով 05.17), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում», - ասված Է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության մեջ:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 01.17-ին (Երևանի ժամանակով 05.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Շանլըուրֆա քաղաքում, տեղի քաղաքապետի խոսքով, փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, զոհվել է 5 մարդ, իսկ Մալաթիայում ՝ 130 շենք, հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ:
Փլուզումներ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադըյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։
Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։
Թուրքական իշխանություններն ավելի ուշ հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրաշարժից 10 քաղաքներ են տուժել:
Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով: