Արեգակի վրա խոշոր բռնկում է տեղի ունեցել, որը հանգեցրել է ռադիոկապի անջատման Երկրի որոշ մասերում։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, այս բռնկումը նաև հիմք է ստեղծել հետագա բռնկումների համար:

Ըստ ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի՝ արևային հսկայական բռնկումը, որը գրանցվել է որպես X1.1 դասի հզոր իրադարձություն, իր գագաթնակետին է հասել շաբաթ արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 10:48 (Երևանի ժամանակով 19։48): Այն առաջացել է Արեգակի մի հատվածում, որը կոչվում է Ակտիվ շրջան 3217։ Բռնկման հետևանքով Հարավային Ամերիկայում ռադիոկապը ժամանակավորապես անջատվել է:

NASA-ի Solar Dynamics Observatory-ն ֆիքսել է արեգակնային բռնկման պահը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև:

 

«Այս տարածաշրջանից ավելի շատ բռնկումներ են սպասվում, քանի որ այն շարժվում է արևի երկայնքով՝ երբեմն առաջացնելով բարձր հաճախականության (3-30 ՄՀց) հաղորդակցության վատացում»,- ասվում է ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տարածած հայտարարությունում։

Արեգակնային բռնկումները լիցքավորված մասնիկների զանգվածային ժայթքումներ են արեգակի վրա և ունենում են տարբեր ինտենսիվություն։ Փոքր՝ A դասի և C դասի բռնկումները ցույց են տալիս համեմատաբար աննշան իրադարձություններ, մինչդեռ M դասի ուժեղ բռնկումները կարող են ուժեղացնել բևեռափայլերը, որոնք տեսնում ենք Երկրի վրա: X-class-ը արեգակնային բռնկումների ամենաուժեղ տեսակն է: Երբևէ գրանցված ամենաուժեղ X դասի բռնկումը տեղի է ունեցել 2003 թ․ և գրանցվել է որպես X28 բռնկում։ Այն նույնիսկ բավական ծանրաբեռնել է այն չափող ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տվիչները:

Արեգակնային ինտենսիվ բռնկումները կարող են նաև հսկայական քանակությամբ արևային նյութ արտանետել, ինչը գիտնականներն անվանում են պսակային զանգվածի արտանետում։ Բռնկումների ժամանակ կարող են արևի պլազմայի հսկայական ամպեր դուրս թռչել մինչև 1 միլիոն մղոն/ժ արագությամբ: Երկրի կողմն ուղղված լինելու դեպքում ամենաուժեղ արևային բռնկումները և պսակային զանգվածի արտանետումները կարող են լրջորեն խոչընդոտել կապի համակարգերի, էլեկտրակայանների աշխատանքը և նույնիսկ վտանգ ներկայացնել տիեզերքում գտնվող տիեզերագնացների և արբանյակների համար:

Ըստ Spaceweather.com-ի, որը հետևում է տիեզերական եղանակային իրադարձություններին, այս բռնկման հետևանքով պսակային զանգվածի արտանետում տեղի չի ունեցել։ Փոխարենը պսակային զանգվածի արտանետում է տեղի ունեցել մեկ այլ բռնկման հետևանքով, որը տեղի է ունեցել Արեգակի հյուսիսային կիսագնդում։ Այդ արտանետման ազդեցությունը Երկիր կհասնի փետրվարի 14-ին և կարող է հանգեցնել ավելի ինտենսիվ բևեռափայլերի։