ՀՕՊ հյուսիսամերիկյան հրամանատարության (NORAD) ղեկավար Գլեն վան Հերքը չի բացառել, որ վերջին օրերին ԱՄՆ օդային տարածքում խփված թռչող օբյեկտները կարող էին այլմոլորակային ծագում ունենալ, բայց ընդգծել է, որ հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն պետք է տան հետախուզական ծառայությունները, տեղեկացրել է Reuters-ը։
Վերջին օրերին ամերիկյան կործանիչները վնասազերծել են անհայտ ծագման երեք թիրախներ Ալյասկայում, Կանադայում եւ Գուրոն լճի օդային տարածքում։ Լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ընթացքում վան Հերքին հարցրել են, թե պատրաստ են արդյոք զինվորականները լիովին բացառել ԱՄՆ երկնքում խփված թռչող սարքերի այլմոլորակային ծագման վարկածը։ Այս հարցով, ինչպես նշել է միջոցառմանը ներկա լրագրողներից մեկը, ակտիվորեն հետաքրքրվում է ամերիկյան հանրությունը։
«Շնորհակալություն ձեր հարցի համար։ Ես կարծում եմ, որ հետախուզությունն ու հակահետախուզությունը պետք է այս հաշվով եզրակացություն տան։ Անձամբ ես այս փուլում չեմ բացառում ոչ մի վարկած»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։
Այնուհետեւ նա ավելացրել է. «Մենք շարունակում ենք գնահատել յուրաքանչյուր սպառնալիք կամ պոտենցիալ սպառնալիք, որը մոտենում է Հյուսիսային Ամերիկային, եւ ձեռնարկում ենք դրանք ճանաչելու փորձեր»։ Վան Հերքի խոսքով՝ ամերիկացի զինվորականներն առայժմ չեն պարզել, թե ինչի հաշվին էին օդում մնում հյուսիսում խփված սարքերը, եւ վստահ չեն, որ խոսքն օդապարիկների մասին է։
«Ես ի վիճակի չեմ բացատրելու, թե ինչպես էին դրանք մնում օդում։ Գուցե, կառույցի ներսում գազով լցված փուչիկ կամ այս կամ այն տեսակի շարժիչ սարք կար։ Բայց ակնհայտ է, որ դրանք մնում էին օդում»,- ընդգծել է վան Հերքը։