Սա ոչ այդքան չարախնդալու, հումորի ու ծիծաղի վերածելու խնդիր է, այլ սա մեր դժբախտություններից մեկն է: Այս մասին արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հանրապետության հրապարակում պարեկների կողմից «Համեր» մակնիշի ավտոմեքենայի հետապնդման, նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի մասին:
«20-30 ոստիկաններ մի քանի մեքենաներով հետապնդում են մեկ մեքենայի եւ չեն կարողանում կանգնեցնել: Այս առումով ես խղճում եմ այդ ոստիկաններին, այդ համակարգի ձեւավորման պրոցեսը: Այս երեխաներին բերել կանգնեցրել են կրակի առաջ առանց լիարժեք գիտելիք ու փորձ տալու, առանց սովորեցնելու: Ովքե՞ր են սրանց սովորեցրել՝ Իոաննիսյանը եւ արդարադատության նախարարության ինչ-որ աղջնակներ: Ամենայն հարգանքով կանանց նկատմամբ, բայց նրանք չէին կարող այդ փորձն ու գիտելիքը փոխանցել այդ երիտասարդներին, որ նրանք կարողանային օպերատիվ կերպով արձագանքել իրավիճակին:
Հետապնդում են, վազում, դիմահար կրակում, ատրճանակի 6-10 կրակոց է հնչում, մինչդեռ արագ կարելի էր արգելափակել այդ մեքենան: Եթե սա դիտարկենք նախկին գործողությունների իմաստով, սա 2-3 րոպե էլ չէր տեւելու: 40 րոպե Երեւանի կենտրոնում մեքենան երթեւեկում է՝ վտանգի ենթարկելով բազմաթիվ քաղաքացիների: Էլ չեմ ասում, որ պարեկային ծառայության աշխատակցին էլ կարծես, վրաերթի ենթարկեց: Փառք Աստծո, որ չի մահացել, կարող էր ավելի ծանր լինել: Սա անփորձ մասսային փողոց դուրս բերելու պրոցես է, որոնց ոչ մի գիտելիք ու փորձ չեն տվել»,-հայտարարեց նա:
Թաթուլ Պետրոսյանի խոսքով, մարդիկ չեն գիտակցում, թե հանցագործն ինչ գործողությունների կարող է դիմել. «Փորձառու ոստիկանը հաստատ համոզված կլիներ, թե այդ վարորդի հաջորդ գործողությունր որն է լինելու: Անձը թողել է մեքենան եւ դիմել փախուստի: Հիմա ողջամիտ կասկած կարող է լինել, որ ինքը չի եղել ղեկին, գուցե բերել մեկ ուրիշին են ղեկին դրել: Կարող ենք այդ կասկածն ունենալ:
Եթե 3 րոպեի ընթացքում կարմիր բերետավոր սուբյեկտները հարձակվում են մեր հերոսածին ծնողներիի վրա, նրանց ոտուձեռ անելով նետում ասֆալտին, այդ 40 րոպեի ընթացքում այդ արծիվ կտրող բերետավորները չէին կարողանո՞ւմ հասնել տեղ: Ունակություն չունեն, ուղղակի փորձ չեն փոխանցում, այս երեխաներին դրել են կրակի առաջ:
Աստված մի արասցե, եթե ունենանք մի իրավիճակ, երբ փողոցում հրաձգություն լինի, ի՞նչ են անելու այս ոստիկանները: Անգործության են մատնվելու, որովհետեւ իրենց չեն սովորեցրել՝ ինչ անեն: Նրանց սովորեցնում են մարդիկ, որոնք գիտելիք չունեն: Ոստիկանին պետք է սովորեցնի փորձառու ոստիկանը: Հակառակ դեպքում այս նոր մոտեցումներով, առանց լիարժեք իրավական գիտելիքների, առանց վտանգի ժամանակ փորձ փոխանցելու արդյունքի չենք հասնի»,-ընդգծեց նա:
Ոստիկանության գնդապետն անդրադարձավ նաեւ հանրապետության ճանապարհներին տիրող իրավիճակին. «Հիմա ամբողջ Հայաստանում պարեկներն են, 175 մեքենա են գնել, 400 հազարից ավելի աշխատավարձ են տալիս, բա մեր բանա՞կը: Երեւանը կարծես Չկագոն է դարձել, ամեն օր կրակոցներ, ամեն օր մահ: Մեր մայրուղիները մահվան մայրուղիներ են դարձել: Ամեն օր զոհեր ենք ունենում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։