«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՄԻՊ պաշտոնը դարձել է իսկական պատուհաս գործող իշխանության գլխին: Անհասկանալի պատճառներով որեւէ մեկը չի ցանկանում ստանձնել այս բարձր հեղինակություն ունեցող կառույցի ղեկավարումը:
Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Արդեն լրանում է ՄԻՊ առաջադրման երկրորդ ժամկետը, բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու դեռ չի առաջադրել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաեւ, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, եւ այսպես մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի: Իշխող ֆրակցիայի համար ՄԻՊ թեկնածուի հարցը իսկական գլխացավանք է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխող ՔՊ խմբակցությունն այս ընթացքում ՄԻՊ թեկնածուի տարբեր անուններ է քննարկել, սակայն այդպես էլ չի գտել թեկնածու, որը կհամապատասխանի պահանջներին՝ կլինի պրոֆեսիոնալ եւ, ամենակարեւորը, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: ՔՊ-ականները պարբերաբար նեղսրտում են, որ ում իրենք առաջարկում են, բոլորը հրաժարվում են առաջադրվել ՄԻՊ պաշտոնում: Մեր ունեցած տեղեկություններով՝ պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը պահանջ է դրել գտնել հեշտ «կառավարելի» մեկին, որը կդառնա բացառապես «ՔՊ-ի իրավունքների պաշտպանը», դուրս չի գա վերահսկողությունից եւ չի համարձակվի ձայն հանել, երբ, օրինակ, ընդդիմադիր հայացքներ ունեցող որեւէ մեկի իրավունքները ոտնահարվեն:
ՔՊ-ի սրտի ՄԻՊ թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, չի ցանկացել առաջադրվել ՔՊ-ի կողմից: Նա մտերիմ շրջապատում դժգոհել է, որ չի ցանկանում առաջադրվել, քանի որ մեկ անգամ արդեն ՔՊ-ականներն իրեն խաբել են. առաջադրել են ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում, սակայն այդպես էլ չեն ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմությունը թեկնածուներ ունեցել է, սակայն որոշել է թեկնածու չառաջադրել՝ վստահ լինելով, որ Փաշինյանը ՔՊ-ին թույլ չի տա ընդդիմության թեկնածուին ընտրել:
Ստացվում է՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածու ընտրելու արդեն երկրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւը դեռ թեկնածու չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում