Ավելի քան մեկ շաբաթ առաջ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերը վերջին հարյուրամյակի ընթացքում Եվրոպայում ամենասարսափելի բնական աղետն էր, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք դեռ կիմանանք աղետի մասշտաբները: Դրա իրական վնասը հաշվարկված չէ», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն:
Նրա խոսքով, ավելի քան 31,000 մարդ մահացել է Թուրքիայում, իսկ մոտ 5,000-ը՝ Սիրիայում: Բացի այդ, երկու երկրներում առնվազն 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Կլյուգեն նշել է, որ ԱՀԿ-ն արդեն կոչ է արել այդ նպատակով 43 միլիոն դոլար հատկացնել:
«Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին այդ գումարն առնվազն կկրկնապատկվի»,- հավելել է խոսնակը։
Հայտարարության մեջ ԱՀԿ-ն նաև անհանգստություն է հայտնել վարակիչ հիվանդությունների տարածման աճի վերաբերյալ, ինչը հնարավոր է ջրամատակարարման խաթարման և աղետի վայրերում հակասանիտարական պայմանների պատճառով։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով, շուրջ 80,000 մարդ գտնվում է հիվանդանոցներում ինչը հսկայական ծանրաբեռնվածություն է երկրի առողջապահական համակարգի վրա, որը եւս մեծապես տուժել է աղետից։
«Մենք նախաձեռնել ենք շտապօգնության մեքենաների ամենամեծ տեղակայումը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում մեր 75-ամյա պատմության ընթացքում», - ամփոփել է Հանս Կլյուգեն:
Նշենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։