Պեկինը եւ Թեհրանը ստորագրել են 3,5 միլիարդ դոլարի 19 համաձայնագիր եւ պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Փեյմանփակը, հաղորդում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ միայն արդյունաբերության, բնական ռեսուրսների ու առեւտրի ոլորտում Իրանը 20 փոխըմբռնման հուշագրերից բացի 19 պայմանագիր ու համաձայնագիր է կնքել։
Կողմերը պայմանավորվել են նաեւ տեխնոլոգիաների փոխանցման, Իրանում իրանական եւ չինական փոքր եւ միջին ձեռնարկությունների համար համատեղ արդյունաբերական գոտու ստեղծման շուրջ։
Փեյմանփակը նշել է, որ Պեկինում իրանական պատվիրակության այցի ժամանակ կողմերը արդյունավետ բանակցություններ են անցկացրել էլեկտրոնային առեւտրի, գյուղատնտեսության, իրանական հումքի եւ կիսաֆաբրիկատների արտահանման հարցերով։
Ներկա պահին Իրանից Չինաստան արտահանումը կազմում է 13-14 մլրդ դոլար, ինչը, նրա կարծիքով, շատ քիչ է։