Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին, ինչի մասին ձեզ տեղեկացնում ենք մշտապես։ Օրերս տեղի են ունեցել օգտակար շփումներ, այցելություններ. Երեւան եւ Բաքու է մեկնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը»,- ասել է Զախարովան։


Նրա խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են, որ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ. «Հաշվի առնելով պայմանագրի թեմայի զգայուն լինելը՝ խորհրդակցությունների մանրամասներ չեմ ներկայացնի։ Կարող եմ մեկ անգամ եւս հաստատել Մոսկվայում այս հարցի վերաբերյալ արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը»։