Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով. 2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 28-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,-ասաց նա:


Փաստաբանը հիշեցրեց, որ դատական նիստերի դանդաղ ընթացքի մասին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր արել՝ նշելով․ «Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։