Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ընդունել է որոշում:
2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:
Կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբսահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։
Այսօր սահմանամերձ բնակավայրերի թիվը 82 է։
Նշենք, որ 2021թ–ին նույն ծրագրով փոխհատուցում են ստացել 81 համայնքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 տարի առաջ կազմել է 1 մլրդ 155 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ շահառու համայնքների թիվը 1-ով ավելացել է, գումարը` 181 մլն–ով նվազել։