«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկն արել եմ իմ նախաձեռնությամբ… Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը՝ Արցախը զարգացնելու եւ առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս եւ պետության (առանց փակագծեր բացելու)՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,- երեկ իր սպասված ուղերձում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանը գրանցված է Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտի տան վրա, եւ նրանք իրապես ունեցել են ջերմ հարաբերություններ մինչեւ պետնախարարի պաշտոնի ստանձնումը:


Երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց պետնախարար, նրա թիմակիցները ակնհայտորեն սկսեցին աշխատել Արայիկ Հարությունյանի դեմ: Նրանցից է հատկապես Մեսրոպ Առաքելյանը, որն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրն է եւ Ռուբեն Վարդանյանի թիմում համակարգում է տեղեկատվական ոլորտը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանության, պետական գործիչների դեմ տարաբնույթ լրատվական հարձակումները կազմակերպվում են Առաքելյանի միջոցով, եւ թեեւ երեկվա ուղերձում Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ էլի շեշտել էր, որ Վարդանյանն իր ընկերն է եւ շարունակում է մնալ, բայց, միեւնույնն է, ե՛ւ Արցախի նախագահի, ե՛ւ նոր նշանակվող պետնախարար, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ էլի շատերի դեմ արշավը փաստացի համակարգվում է նույն Վարդանյանի առաքելյանական թիմի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում