ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ի գիտություն է ընդունում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վարույթի վերաբերյալ փետրվարի 22-ին կայացած Միջազգային դատարանի որոշումները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն վստահությունը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները ցուցաբերել են Միջազգային դատարանին՝ խնդրելով լուծել իրենց տարաձայնությունները։


Նա հիշեցնում է, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, եւ հույս ունի, որ կողմերը կկատարեն նրա որոշումները, ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ որոշումը։

Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ եւ կոչ է անում կառուցողական երկխոսության»,-ասվում է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Հայաստանի հայցը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ եւ միաձայն մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։