«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները։

Հոդվածի 12-րդ մասի համաձայն, երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ, և օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ:


Սակայն կանոնակարգված չեն փոխադրավարձի վերանայման կարգավորումները, ուստի խնդրահարույց է միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի վերանայման դեպքում դրանց փոխադրավարձի սահմանումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ։ Մասնավորաբար, միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։

Փոխադրավարձի վերանայման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Բացի դա, սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության, միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է կառավարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում