Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ նախօրեին Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Օմ Բիրլայի հետ:
Նա մսնավորապես, նշել է. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական եւ աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Անդրադարձել եմ ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ:նշել եմ, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:
Նշել եմ, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:
Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան նշել է, որ կարեւորում է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
Նշել եմ որ ՀՀ Ազգային ժողովում իմ գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը եւ շեշտել, որ հիանալի կլիներ նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ եւ սերտ համագործակցության համար:
Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտուր, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն եւ կրթություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ այլն:
Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում:
Հնդկաստանի ԱԺ խոսնակին եմ փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը: