Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը մարտի 3-ին դիմել է ԵՄ-ի 27 անդամ երկրների իր գործընկերներին՝ խնդրելով ամսական 250 հազար հրետանային արկ մատակարարել Կիեւ, որպեսզի մեղմվի ծայրահեղ անբավարարությունը, ինչը սահմանափակում է մարտադաշտում երկրի հաջողությունները, գրել է Financial Times պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել Ռեզնիկովի նամակը։
Ինչպես նշել է պարբերականը, Ռեզնիկովը գրել է, որ արկերի անբավարարության պատճառով իր երկիրը «կրակում է իրեն անհրաժեշտ ականների միայն մեկ հինգերորդ մասը»։ Ուկրաինայի խնդրանքը բազմիցս գերազանցում է այն օգնությունը, որը քննարկում է ԵՄ-ը։
Ռեզնիկովը գրել է, որ հրետանին «վճռական դեր է խաղում հակառակորդի ռազմական հզորությունը ոչնչացնելու գործում»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան միջինը ամսական արտադրում է 155 միլիմետր տրամաչափի 110 000 արկ, ինչը կազմում է Ռուսաստանի օգտագործած քանակության մեկ քառորդը։