Հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, նախօրեին, տեղադրվել է հայոց եռագույնը։ Մինչ վեր բարձրացվելը, դրոշն օրհնվեց Շիրակի թեմի ներկայացուցիչների կողմից Երերույքի տաճարում։ Նախաձեռնության հեղինակները նորաստեղծ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման անդամներն են։ Նախատեսվում է 9 մարզերի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։

Այս գործողության նպատակը, ըստ «Վասն Հայրենյաց» շարժման, ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջ համախմբելը։


Անիպեմզայում ՀՀ դրոշը տեղադրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։ Միջոցառմանը երգում էր ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։