«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին:
Նկատենք, որ մինչ այդ ՆԳՆ-ն ցույց էր տվել ոստիկանների անցած երթուղին՝ որպես միջադեպի վայր նշելով «Խայփալու» տեղանքը, որն այդ հոլովակում համընկնում է Շուշիի շրջանի Ղայբալիշեն (Ղայբալի) գյուղի հետ:
Իրականում, սակայն, Ղայբալիշենը որեւէ կապ չունի «Խայփալուի» հետ: Ադրբեջանցիների հանցագործությունը տեղի է ունեցել Շուշիի շրջանի նախկին Խալֆալի եւ Դյուքանլար բնակավայրերի մոտ՝ Ղայբալիշենից ուղիղ գծով 3,5 կմ, իսկ Ստեփանակերտի Քրքջան (Կրկժան) թաղամասից՝ 6 կմ հարավ-արեւմուտք:
Նշենք, որ հանցանքի վայրը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած գոտուց հեռու է ավելի քան 1 կմ: Գոտի ասելով՝ նկատի ունենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ձախակողմյան հատվածը Շուշի-Քարին տակ խաչմերուկի մոտ: Այս անտառաշատ հատվածում է գտնվում «Իսահակի աղբյուրը»: Դրան հարեւան բլուրների վրա 2020 թ. պատերազմից հետո տեղակայվել է թշնամին: Նրանց առաջապահ դիրքերից մեկը հանցանքի վայրից հեռու է 1,05 կմ, մյուսը՝ 1,3 կմ:
Այսինքն՝ ադրբեջանցիները, դուրս գալով իրենց դիրքերից, առաջացել են դեպի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն այս պահին կարելի է այլընտրանք համարել Բաքվի խամաճիկ «էկոակտիվիստների» կողմից արգելափակված Ստեփանակերտ-Քարին Տակ-Լիսագոր ասֆալտապատ մայրուղուն: Դիվերսանտներն իրենց դիրքերից իջել են Կարկառի վտակ Վարարակն գետի ձորը, ապա դուրս եկել գրունտային ճանապարհ եւ, ինչպես կարելի է տեսնել լուսանկարներից, դիմահար կրակով թիրախավորել հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան (թշնամին նաեւ կողային հատվածներից է կրակել մեքենայի սրահին՝ նպատակ ունենալով սպանել դրա մեջ գտնվող բոլոր անձանց):
Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ սա նախապես ծրագրված եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:
Քարտեզն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ դիվերսանտներն ընտրել են հենց այն հատվածը, որտեղ գրունտային ճանապարհն առավելագույնս մոտենում է Վարարակն գետին, եւ դրանց հեռավորությունն ընդամենը 30 մետր է: Այսինքն՝ դիվերսիայից հետո կարելի էր արագ անցնել ձորակն ու մտնել անտառ, որտեղից իջել էին: Մյուս կողմից՝ այս հատվածում ճանապարհը (2) թեքվում է աջ, բայց անմիջապես դրա հարեւանությամբ գտնվող ժայռաբեկորը (1) փակում է վարորդի տեսադաշտը, ինչը լավ հնարավորություն է դարանակալողների համար: Իսկ ահա ճանապարհի ձախ կողմում՝ գետից այն կողմ գտնվող ժայռոտ (3, 4) տափարակը (5) թույլ է տալիս դիտարկել ու վերահսկել շարժը ճանապարհի այս հատվածով, ինչն էլ, ըստ էության, արել են ադրբեջանցիները մինչեւ հայկական «ՈւԱԶ»-ը խոցելը:
Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։