Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ խորհրդարան չի ներկայացրել նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածը սահմանում է. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ»-ի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»: Նույն հոդված 126-ն էլ սահմանում է, որ նախագիծը խորհրդարան ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում, առանց որեւէ փաստաթղթի ընդունման. երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գլխավոր դատախազը հաղորդումը ներկայացնելու համար խորհրդարան կգա մայիս ամսվա հերթական նիստերի ժամանակ: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին:
Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները. կքննադատե՞ն արդյոք, թե՞ էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին:
Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում