«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի իր համարում հոդված էր հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ով է ԱԺ պատգամավորին տրամադրել այդ համարանիշները, եւ ինչու է նա շրջում օպերատիվ համարանիշներով, եթե չունի դրա իրավունքը: Ի վերջո, դրանք ամենեւին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն, ուժային այլ կառույցներից մեկին է պատկանում (չենք հրապարակում՝ որ մեկին): Եվ, ահա, Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ստացել ենք պատասխան. «Ի պատասխան Ձեր՝ 28.02.2023 թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումների ուժով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»։ Այսինքն՝ նորացված ոստիկանությունը հայտնում է, թե գաղտնի տեղեկություն է հարցվածը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրականում Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենայի համարանիշները օպերատիվ համարանիշներ են, քանի որ միայն այդ դեպքում է անհայտ, թե պետհամարանիշի տերն ով է։


Տեղեկացնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է բառի բուն իմաստով անպատիժ երթեւեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքում կանգնել, մի խոսքով, ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել, միեւնույնն է, չես տուգանվում: Դա պատճառաբանվում է որպես ծառայողական անհրաժեշտություն: Տեսահսկողության խցիկներն էլ օպերատիվ համարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում: Խոսքն այս դեպքում 610 CM 61 համարանիշի մասին է: Եւս մեկ անգամ շեշտենք, որ մեր հարցված տեղեկությունը հանրային շահ է հետապնդում, եւ հանրությունն էլ պետք է իմանա, թե ինչու է պատգամավորին այդպիսի համար տրամադրվել:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն, որոշել է հովանավորել Անդրանիկ Քոչարյանին՝ թերեւս մտավախություն ունենալով, որ նոր դավեր կարող է նութել իր դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում