Սեպտեմբերի 21-ից ուժի մեջ կմտնի «Զորամասում այլընտրանքային զինվորական ծառայողների թիվը սահմանելու մասին» ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի որոշումը: Ըստ այդմ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված այլընտրանքային զինվորական ծառայողների թիվը ՀՀ պաշտպանության նախարարության յուրաքանչյուր զորամասում չի կարող գերազանցել տվյալ զորամասի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների ընդհանուր թվի 3 տոկոսը: Կառավարության հիմնավորմամբ՝ հաշվի է առնվել այն, որ, օրենքի պահանջների համաձայն, այլընտրանքային զինվորական ծառայողները չեն կարող իրականացնել մարտական հերթապահություն, զենք կրել, պահել, պահպանել և oգտագործել, հետևաբար՝ նրանք պետք է նշանակվեն այնպիսի պաշտոնների, որոնք չեն նախատեսում վերը նշված գործառույթները: Այս պարագայում զորամասում նման կարգավիճակով զինծառայողների սահմանափակ թվաքանակի չնախատեսումը կարող է խնդիրներ առաջացնել զորամասի մարտունակության և զորամասի առջև դրված խնդիրների ապահովման գործընթացում: Վերոհիշյալ օրենքի համաձայն՝ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը 30 ամիս է: Պարտադիր զինվորական ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը: Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը որոշել է նրան ուղարկել այլընտրանքային ծառայության:
Այլընտրանքային զինվորական ծառայակիցները զենք չեն կրի


