Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց պորտուգալական «Պորտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։


«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 50-րդ հանդիպումն անցկացրեց գլխավոր եվրագավաթային մրցաշարում։


«Ինտերը» պայքարը շարունակում է Միլանում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 7:0 հաշվով։

5 գոլ խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին» ու պորտուգալական «Բենֆիկան»։

Մարտի 15-ին 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին», Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին»՝ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Պորտու» - «Ինտեր»՝ 0:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Հեռացում՝ Պեպե («Պորտու»), 90+7, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Սիթի» - «ՌԲ Լայպցիգ»՝ 7:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Էրլինգ Հոլանդ, 22, 11մ, 24, 45+2, 54, 57, Իլկայ Գյունդոգան, 49, Կեւին Դե Բրույնե, 90+2