«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ-ական կանանց երկու շոկոլադե չուպաչուպս է նվիրել:

Գրել էինք, որ Հակոբ Արշակյանի այս քայլը ծաղրի առարկա է դարձել ՔՊ-ում, իշխող ֆրակցիայի կանանցից ոմանք անգամ դեն են նետել Արշակյանի նվիրած չուպաչուպսները՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:
ԱԺ փոխնախագահը, պարզվում է, վրդովվել է մեր այս հրապարակումից եւ որոշել է անուղղակի արձագանքել մեզ՝ առանց կոնկրետացնելու. «Գիտնականներն ասում են, որ շոկոլադը երջանկացնում եւ ժպիտներ է պարգեւում մարդկանց։ Մի՛ վախեցեք դեղին մամուլից, իրար նվիրե՛ք հայկական շոկոլադ»,- գրել է Արշակյանը:


Արշակյանի այս գրառումն ավելի ծանր վիճակի մեջ է դրել իրեն: Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակել են ծաղրել Արշակյանին՝ գրելով. «Հետաքրքիր է՝ դուք, շոկոլադ ուտելուց ու դեղին մամուլ կարդալուց բացի, ուրիշ գործ չունե՞ք անելու։ Ամբողջ սահմանի երկայնքով կուտակումներ կան թշնամու կողմից, Արցախը բլոկադայի մեջ է, սահմանամերձ բնակավայրերում մարդիկ տագնապով սպասում են պատերազմի վերսկսման, իսկ ԱԺ փոխնախագահը՝ թե բա շոկոլադ ու դեղին մամուլ»։

«Ինչու՞ մտածեն. տակները՝ չոր, փորները՝ կուշտ։ Մտածելու համար ուղեղ է պետք»,- արձագանքել է մյուս օգտատերը:

«Լավ է շոկոլադ, քան չուպաչուպս»,- արձագանքել են ֆեյսբուքյան օգտատերերը Արշակյանի գրառմանը:

Հակոբ Արշակյանին իր իսկ գրառման ներքո օգնության են հասել ՔՊ-ական կանայք՝ Մարինե Խաչատրյանը եւ Հասմիկ Հակոբյանը, շնորհակալություն են հայտնել Արշակյանին համեղ նվերի համար: Զարուհի Բաթոյանը գրել է. «Մամաս շատ հավանեց, ասում է՝ կարող ես կրկնել, Արշակյա՛ն ջան»:

Բաթոյանի սոցապնախարար անցյալն է հիշել ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Արշակյանը. «Նախշու՛ն ջան, պատվարժա՛նս, կարգ ու թոշակ չստացած քաղաքացին ինչպե՞ս հասնի այդ շոկոլադին, երբ ունի լիքը մուծումներ եւ պարտքեր մշտապես…»:

Կարճ ասած, անգամ իշխանության երբեմնի սիրելի «Ֆեյսբուք»-ում քննադատությունն ավելի շատ է: Եւ, հետեւաբար, հարց է առաջանում՝ մեզ արձագանքելու իմաստը՞»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում