Մենք Հռոմի ստատուտի համաձայնագրի վավերացումն սկսել ենք 2-3 ամիս առաջ, մինչեւ Հաագայի դատարանի այս որոշումը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը՝ անդրադառնալով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, որով վերջինս քրեական օրդեր է տվել Պուտինին ձերբակալելու համար, իսկ այս շաբաթ Հայաստանի ՍԴ-ն քննարկելու է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու համաձյնագրի սահմանադրական լինել-չլինելու հարցը:
Հարցին, թե արդյոք Հաագայի դատարանի այս որոշումից հետո Հայաստանի ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող կհամարի այդ համաձայնագիրը, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Հայաստանը մարդիկ ունի եւ Հայաստանին պետք է այդ համաձայնագրին միանալը: Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի եւ դրանով ինչ-որ ձեւով պարտադրեմ կամ իմ քաղաքական դիրքորոշումը հայտնեմ, հետո ասեն՝ ԱԺ նախագահն ասաց, դրա համար ՍԴ-ն այդպես որոշեց: Եթե չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ՍԴ-ն նման որոշում կկայացնի»:
Ինչ վերաբերում է նրան, որ եթե Հայաստանը այդուհանդերձ, վավերացնի համաձայնագիրը, եւ ՌԴ նախագահ Պուտինը ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում գա Հայաստան, մեր քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություն կանի, պետք է ձերբակալի՞ նրան, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եկեք վերանանք Հայաստանից, որեւէ երկիր, որը վավերացրել է, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ որեւէ համաժողով լինի, որին տարբեր երկրների ղեկավարներ են մասնակցում, ինչպիսի՞ գործողություններ պետք է անի այդ երկիրը, անկեղծ դա չեմ պատկերացնում:
Կարծում եմ՝ ինքն իր իրավական ու քաղաքական գնահատականով է շատ ծանրակշիռ, քան կոնկրետ գործողությունների»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։