Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակի եւ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պայմաններում, որը շարունակվում է ավելի քան 3 ամիս»։ Նախարարը Բաքվի գործողությունները որակել է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կոպտագույն խախտում։ Նախարարը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին ՄՔԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել միջանցքով տրանսպորտի եւ բնակչության անարգել տեղաշարժն ապահովելու համար։
«ՄԱԿ-ի ՄՔԴ-ի որոշումները պարտադիր բնույթ ունեն»,- ընդգծել է արտգործնախարարը՝ հավելելով, որ իրավիճակի կարգավորման համար բոլոր կողմերից ակնկալում է արդյունավետ քայլեր։
Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտման միակ դեպքը չէ։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության անձնագրային բաժնի երեք աշխատակցի սպանության կատարման մասին։
Մարտի 6-ին ՌԴ ՊՆ-ն հստակ արձանագրել է, որ միջադեպը կատարել է ադրբեջանական կողմը, հայտարարել է նախարարը։ Նա հավելել է, որ ՌԽԿ-ի տեղակայումը նպատակ ունի ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, պայմաններ ստեղծելու նորմալ կյանքի համար։
Սակայն, ըստ նրա, կան մի շարք իրադարձություններ, ինչպիսիք են ԼՂ-ի գյուղերի օկուպացումը, հայ ռազմագերիներին պահելը, Լաչինի միջանցքի շրջափակումը, ոստիկանների եւ խաղաղ բնակիչների սպանությունները, հրադադարի կանոնավոր խախտումները, ԱՀ-ի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածք եւ հարակից շրջաններ հայերի վերադարձի մեխանիզմը գործարկելու Բաքվի մերժումը, որը նախատեսված է 7-րդ կետով, թեեւ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է վերաբնակեցումը՝ փորձելով տարածաշրջանից վերացնել հայկական հետքը։
«Մեր գնահատականը նույնն է՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում»,- ասել է Միրզոյանը։ Նրա խոսքով, չնվազեցնելով Ռուսաստանի Դաշնության եւ ՌԽԿ-ի դերը 2020 թվականին զինադադարի հաստատման գործում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար երաշխիքների ապահովման անհրաժեշտության հարց է առաջանում եւ, այդ առումով, ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների, Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության։
«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ այդ հարցում համագործակցության հույս ունենք»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը հավակնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքին։ Բաքվի ուղղակի սպառնալիքներն արտացոլված են վերջին հայտարարություններում այն մասին, թե Հայաստանը չի կարող խաղաղ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները, թվարկել է Միրզոյանը։ Նախարարը, սակայն, վերահաստատել է Երեւանի դիրքորոշումը, որ միայն բանակցությունները կարող են լուծում տալ, որը կբերի կայունություն եւ խաղաղություն։ Ձեզ հարմար ժամին սպասում ենք Ձեզ Երեւանում»,-եզրափակել է Միրզոյանը։