Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Կրեմլում սկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչական կաբինետում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Սի Ծինփինը կանցկացնեն դեմ առ դեմ զրույց, որը կշարունակվի ոչ պաշտոնական ճաշի ընթացքում։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ սա շատ կարեւոր հանդիպում է լինելու, երկու երկրների ղեկավարներն իրենց հայեցողությամբ կբարձրացնեն ամենահրատապ հարցերը։
Սի Ծինփինը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել երկուշաբթի ժամը 13:00-ի սահմաններում։ Նախագահական տերմինալ տանող կարմիր գորգի վրայով Չինաստանի առաջնորդը զինվորական նվագախմբի երաժշտական նվագակցությամբ քայլել է պատվո պահակախմբի շարքի երկայնքով: Սի Ծինփինին դիմավորած ռուսական պատվիրակության կազմում են եղել փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Պեկինում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։
Այցի հիմնական ծրագիրը նախատեսված է երեքշաբթի՝ մարտի 21-ին։ Պեսկովի խոսքով, այս օրը նախատեսվում է ծրագրի մեկնարկը Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին։ Կլինի հանդիպման պաշտոնական արարողություն, հետո նեղ ֆորմատով բանակցություններ, երկու պատվիրակությունների հետ ընդլայնված կազմով բանակցություններ, փաստաթղթերի ստորագրում, հայտարարություն լրատվամիջոցների համար։ Ծրագիրը ներառում է նաեւ պետական ընթրիք։
Մամուլի քարտուղարն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ Չինաստանի նախագահը կքննարկեն Ուկրաինայի թեման եւ խաղաղ կարգավորման չինական պլանը։ Ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունների թեմաների թվում նշել է առեւտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։