Իրանի եւ Ռուսաստանի բանկային վճարային համակարգերն արդեն միացած են միմյանց, նրանք շուտով կկարողանան երկու երկրների ընկերությունների համար հաշիվներ բացել եւ վճարումներ կատարել առանց SWIFT-ի օգտագործման, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Այսօր Իրանի եւ Ռուսաստանի վճարումների բանկային համակարգերն արդեն լիովին միացել են միմյանց։ Շուտով երկու պետությունների բանկերը, օրենսդրական ենթակառուցվածք ստեղծելով, կկարողանան իրենց ընկերությունների համար հաշիվներ բացել»,- ասել է Խանդուզին։


Նա նաեւ ավելացրել է, որ վերացնելով երկու պետությունների միջեւ արժութային գործողությունների պատնեշները՝ Թեհրանը եւ Մոսկվան կհասնեն առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման։

«Մենք կկարողանանք ինտեգրել մեր բանկային պլատֆորմները՝ վճարումներ կատարելու համար, առանց SWIFT-ի եւ բանկային այլ վճարային համակարգերի օգտագործման անհրաժեշտության»,- ընդգծել է իրանցի նախարարը։

Դեռեւս 2022թ. մայիսին Իրանը եւ ՌԴ-ն, պայմանավորվելով անցում կատարել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների, քննարկել էին իրենց վճարային համակարգերի՝ «Միր»-ի եւ «Շետաբ»-ի միավորման հարցը։ Հունվարի վերջին երկու երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր ֆինանսական եւ բանկային գործողությունները պարզեցնելու մասին։ Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամեդ Ռեզա Ֆարզինի խոսքով՝ ՌԴ ԿԲ-ի ֆինանսական տեղեկությունների հաղորդման համակարգը միացել է Իրանի ԿԲ-ի SEPAM-ին (System for Electronic Payments Messaging)։

Երկու երկրների վճարային համակարգերի միավորման անհրաժեշտությունն առաջացել էր դեռեւս 2018թ., երբ Իրանն անջատել էին միջազգային փոխանցումների SWIFT համակարգից։ Իսկ 2022թ. հունիսին Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո SWIFT-ից անջատել են նաեւ ռուսական մի շարք բանկեր, այդ թվում Խնայբանկը եւ ՎՏԲ-ն