Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:


Վահան Կոստանյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի խորացումը և ամրապնդումը: Այս առնչությամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու անհիմն փորձերը:

Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները: