Սաուդյան Արաբիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը եւ պայմանավորվել առաջիկա երկկողմ հանդիպման մասին։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Մամուլի սաուդյան գործակալությունը։

«Զրույցի սկզբում կողմերը շնորհավորել են միմյանց Ռամադան սրբազան ամսվա սկսվելու առիթով։ Նախարարները պայմանավորվել են հանդիպում ունենալ առաջիկայում՝ քննարկելու համար երկու երկրների դեսպանությունների եւ հյուպատոսությունների նախապատրաստման եւ բացման գործընթացը»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։


Մինչ այդ Աբդոլահիանը հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել իր սաուդցի գործընկերոջ հետ չեզոք տարածքում։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին երեք երկիր է առաջարկել, որոնք կարող էին կազմակերպել իրենց հանդիպումը։

Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան եւ Իրանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ երկու ամսվա ընթացքում դեսպանությունների աշխատանքը վերսկսելու մասին։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ են վարել, որոնց արդյունքների հիման վրա պատրաստվել է եռակողմ հայտարարություն։