ԱՄՆ-ն աշխատում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նոր հեռախոսազրույցի կազմակերպման վրա, սակայն այս հարցում դեռ հստակություն չկա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ ելույթ ունենալով Կանադա մեկնող ամերիկացի առաջնորդի ինքնաթիռում կայացած ճեպազրույցում։
Ճեպազրույցը ձայնագրվել է Սպիտակ տան կայքում։
«Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է նա՝ ի պատասխան հնչած հարցին՝ հավելելով, որ մինչ այժմ ԱՄՆ իշխանությունները այդ թեմայի վերաբերյալ «հաստատելու կամ հայտարարելու ոչինչ չունեն»։
Մարտին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել էր, որ Ջո Բայդենը ցանկանում է տեսանելի ապագայում ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Սի Ցզինպինի հետ, սակայն նշել է, որ դեռևս համաձայնեցված չէ ժամկետի շուրջ: