Այսօր հասարակությանը մի արհեստական թմբիրի մեջ են մտցնում կեղծ փրկության հույսեր, կեղծ անվտանգային բարձիկների մասին խոսելով. Նույն ԵՄ դիտորդների առկայությունը սահմանին չի խանգարում Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնել ՀՀ սահմանին, շարունակելով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Այս առումով Հայաստանի կողմից գործնական հակազդեցությունը ցավոք թեմա է, որի մասին շատ մանրամասն չեմ կարող բարձրաձայնել: Այս օրերին Հայաստանի բոլոր պատասխանատու անձինք պարտավոր էին ՌԴ-ի հետ լինել ամենօրյա շփումների մեջ, ոչ թե խաղեր խաղային: Տվյալ դեպքում ՍԴ-ում Հռոմի ստատուտի համաձայնագրի նախագիծը 2-3 ամիս առաջ է եղել, բայց առնվազն այս մթնոլորտում Հայաստանը լեգիտիմ հնարավորությունն ուներ այդ հարցը ընդհանրապես չարծարծելու»,-ասաց նա:
Մանուկյանը նկատեց, որ եթե Հայաստանը այդ համաձայնագիրը անգամ վավերացնի ԱԺ-ում, դա որեւէ կերպ չի ազդելու Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանի համար պարտադիր լինելու վրա. «Որովհետեւ Ադրբեջանը դրան չի միացել, Հաագայի դատարանի որոշումն իրավական առումով պարտադիր չէ Ադրբեջանի համար: Այլ հարց, որ բարոյական պարտավորության տակ է Ադրբեջանը»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
«Կրկնում եմ՝ անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետևանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա։ Ո՞վ է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարություն անի, հետո գնա Կոնդի ամառանոցում մարզվի, մարզվելու ժամանակ էլ ընկնի, թև կոտրի։ Ամեն խոսքի ու բառի արժեքը չգիտակցելը մեր անվտանգային համակարգն է փլուզում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: