«Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվանումով ֆարսը շարունակվում է։ Այս անգամ այս բեմադրության դերասանները նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած ծավալուն դիմումում Հայաստանին ուղղված բողոքների հետ մեկտեղ կա նաեւ պահանջ «փաստահավաք առաքելություն ուղարկել Հայաստան՝ ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակի մոնիթորինգի համար»։
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից, որտեղ ժամանակին բնակչության բացարձակ մեծամասնությունն են կազմել», իսկ «ժամանակակից Հայաստանի տարածքում նրանց պատմական եւ մշակությային ժառանգությունը, ներառյալ մզկիթներն եւ գերեզմանոցները, զանգվածային ոչնչացման են ենթարկվել»։ «Երեւանի Կապույտ մզկիթը, միակ պահպանված մզկիթը Հայաստանում, ակնհայտ կեղծ կերպով ներկայացվում է որպես «պարսկական մզկիթ», գրում են դիմումի հեղինակները եւ անմիջապես հակասում իրենց. «Իրականում այն կառուցել են ադրբեջանցիները, որոնք այն ժամանակ կազմում էին քաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը եւ դարեր շարունակ նրանք այնտեղ ծեսեր են կատարել։
Ավելին, մզկիթը մեկ էթնիկ խմբին վերագրելը անհարգալից վերաբերմունք է մեր կրոնի նկատմամբ, որը պաշտամունքի վայրերը չի առանձնացնում էթնիկական հատկանիշով, այլ միավորում է բոլոր մարդկանց՝ անկախ ռասայական կամ էթնիկ պատկանելությունից»:
Հետո երեք էջերում շարադրված են բողոքներ, մեղադրանքներ, զրպարտություններ ու ամենատարբեր բանսարկություններ, որոնք պատմելը իմաստ չունի, բայց որոնք որոշակի պատասխան են պահանջում։
Ազուլեին դիմելը, ակնհայտ է, միաժամանակ երկու նպատակ է հետապնդում։ Մեկը «հին ադրբեջանական մշակույթի ավերված հուշարձանների» թեման ուռճացնելն է, երկրորդն ուղղակիորեն կապված է գլխավոր տնօրենի անձի հետ եւ Ադրբեջանի ղեկավարության ներկայացմամբ՝ այս եվրոպացի պաշտոնյայի նկատմամբ տածած հակակրանքով։ Շեղվելով թեմայից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի քայլ չձեռնարկեց ոչ այն ժամանակ, երբ բուլդոզերները հողին հավասարեցրեցին Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եզակի հայկական խաչքարերը, կամ երբ ադրբեջանցի զինվորները ոչնչացրին հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղի օկուպացված հողերում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջելով գտնել «ադրբեջանական մշակույթի հետքեր»՝ Բաքուն հիանալի գիտակցում է, որ հնարավոր չէ նման հետքեր գտնել այն պարզ պատճառով, որ դրանք երբեք չեն եղել։ Այո, մինչ հակամարտությունը Հայաստանում բնակվում էին որոշակի թվով ադրբեջանցիներ։ Ոչ միլիոն, իհարկե, ինչպես փորձում են ներկացանել Ադրբեջանում, եւ նույնիսկ ոչ կես միլիոն, եւ առավել եւս՝ ոչ «բնակչության մեծամասնությունը»։
Եթե Ադրբեջանում բնակվող հայերը կազմում էին հանրապետության մտավորականության զգալի մասը, ապա Հայաստանում ադրբեջանցիները հիմնականում բնակվում էին գյուղերում եւ, ոչ վիրավորելու նպատակով պետք է ասել, որ ներդրում չեն ունեցել մշակութային ժառանգությունում, թեեւ հայտնի էին իրենց աճեցրած մրգերով, բանջարեղենով եւ կանաչիներով: Եվ գործնականում Հայաստանում ապրող բոլոր ադրբեջանցիները կարողացել են հանգիստ հեռանալ հակամարտության սկզբնական փուլում՝ իրենց հետ տանելով իրենց իրերը, այդ թվում՝ շների տնակները։ Հայաստանից մեկնող ադրբեջանցիներին ամենաքիչը հետաքրքրում էին գրքերը։ Դրանք որպես կանոն թողնում էին անպետքության պատճառով:
Դե, իսկ ինչ վերաբերում է Կապույտ մզկիթը յուրացնելու Բաքվի համառ փորձերին, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում ադրբեջանական իշխանությունները հանրությանը «կուրախացնեն» նոր հայտարարությամբ, օրինակ, որ այն անձամբ կառուցել է ներկայումս ողջ Ալիեւի պապը։