Արցախում անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, բերում են առաջնային նշանակություն չունեցող ապրանքներ եւ մարդկանց վերջին միջոցների հաշվին մեծ գումարներ են վաստակում։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա պարզաբանել է, որ այս մարդիկ Արցախ են բերում ձմերուկ կամ ինչ-որ այլ ապրանք, որն առաջնային նշանակություն չունի, որպեսզի գումար վաստակեն։ «Չեմ ուզում թաքցնել, որ դա ամոթ է եւ անընդունելի»,-նշել է նա։ Նախկին պետնախարարը հավելել է, որ այդ մի քանի տասնյակ մարդկանց մոտ աշխատում են եւս մի քանի հարյուր մարդ, որոնք աշխատավարձ են ստանում, եւ եւ մի քանի հազարը գնում է այդ ապրանքները: «Եթե դեկտեմբերին Հանրապետություն էր մտնում օրական 3 մեքենա, ապա հիմա այդ թիվը հասել է 16-ի։ Միեւնույն ապրանքները հասանելի չեն բոլորի համար՝ չնայած կտրոնները ներդրվել են հենց դրա համար: Բացի այդ, կտրոնները չեն աշխատում, մարդիկ ստիպված են ապրանքներ գնել ավելի թանկ, քան պետք է արժենան կտրոնով։ Բացի այդ, երկարաձգվել են կտրոնների վավերականության ժամկետները, ուստի ստեղծվում է իրավիճակ, երբ սահմանաչափը սպառած անձը չի կարողանում ժամանակին ստանալ նոր կտրոնը»,-հավելել է նա։


Վարդանյանն ինֆլյացիան համարում է միայն ներհանրապետական գործընթացների հետեւանք՝ կոչ անելով սկսել նրանից, թե ով եւ ինչպես է գնում այդ ապրանքները, ինչ գնով եւ ինչ քանակով: «Ստեղծված իրավիճակում, երբ մենք պետք է համերաշխ լինենք, կրկին խախտվում է արդարության սկզբունքը։ Դա ավելի շատ վնաս է հասցնում, քան տնտեսական գործոններն ու դրանց հետ կապված ինֆլյացիան»,-եզրափակել է Վարդանյանը։