«Հրապարակը» գրում է. «Թեեւ նախագահական, պատգամավորական ընտրությունների գլխավոր կազմակերպիչը Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, ով ընտրակեղծիքների ու ընտրական ռեպրեսիաների կուռ մեխանիզմ է ձեւավորել, սակայն ընտրողների շրջանում ընդվզում էր նկատվում իշխանության դեմ: Ընտրություններն ուղեկցվում էին սկանդալներով ու աղմկահարույց միջադեպերով:
Ընդվզման կուլմինացիան նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկության բարձր մակարդակն էր, որոշ տեղերում՝ բացարձակ հաղթանակը, ինչը հույսեր էր ներշնչում, որ Լիսկայի լծից ազատագրվելու կամք է հասունանում Սյունիքում: Սյունիքն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում տարիներ շարունակ հայրիկի՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի շնորհիվ պատգամավոր է «ընտրվել» ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը:
Լիսկային գահընկեց անելուց եւ Վահե Հակոբյանին մարզպետ կարգելուց հետո ընտրատարածքը թափուր է մնացել, եւ այժմ պատգամավորի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը:
Հիմնական մրցակցությունը «Ժառանգության» եւ իշխանության թեկնածուների միջեւ է: Սակայն եթե նախկինում իշխանության եւ ընդդիմության թեկնածուների միջեւ պայքարն ընթանում էր սկանդալներով եւ իշխանության գործադրած ճնշումներով, ոչ հավասար մրցակցության պայմաններում, ապա այժմ իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Թերեւս պատճառն ընդդիմադիր դաշտի նահանջն է կամ արտաքին քաղաքական զարգացումները, որոնք ստվերում են տեղական ընտրությունները: «Ժառանգության» ներկայացուցիչը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը խաղաղ է, սակայն որոշակի խոչընդոտներ արդեն նկատվել են:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում