Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սանկտ Պետորբուրգում` Պրիգոժինին նախկինում պատկանած սրճարանում` հանրային հավաքի ժամանակ սպանվել է Վլադեն Տատարսկին:
Տատարսկին հայտնի է նրանով, որ անցյալ տարի Կրեմլում հայտարարեց, որ իրենք սպանելու են իրենց բոլոր թշնամիներին, ոչնչացնելու են բոլորին և նաև թալանելու են բոլորին: Թելեգրամում Տատարսկին կես միլիոն հետևորդ ուներ և Ռուսաստանի ամենահայտնի պատերազմական բլոգերներից և ռազմական պսևդոլրագրող-պրոպագանդիստներից էր:
Տատարսկու մահը վրա է հասել, երբ նրան միջոցառման ժամանակ նվիրել են արձանիկ, որը նրա ձեռքերում պայթել է` վիրավորելով ևս 25 հոգու:
Որևէ ուժ պատասխանատվություն չի ստանձնել գործողության համար, բայց ակնհայտ է, թե որ երկիրը կարող է կանգնած լինել դրա հետևում: Ամենայն հավանականությամբ` գործողության իրականացնողն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են:
Հասկանալու համար թե սա ինչ նոր շրջադարձ է ռուս-ուկրաինական հակամարտությունում` անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել կամ տեղի ունենում:
Իսկ տեղի է ունենում այն, որ արդեն մի քանի տարի իրենց խիստ կամային, արժանապատիվ և հերոսական ցուղաբերող ուկրաինացիները գնում են իսրայելացման ուղով: Իսրայելցիներն առաջինն էր, որ անգամ նախքան պետության ստեղծումը` դեռևս բրիտանական օկուպացիայի տարիներին` քաղաքացիական մի քանի հատուկ ծառայություններ ստեղծեցին և սկսեցին մահափորձեր իրականացնել բոլորի դեմ, ում համարում էին հրեական հայրենիքի օկուպանտներ: Հետո` Իսրայելի հիմադրումից անմիջապես հետո, երբ առաջացան Մոսադը, Շինբեթն ու Ամանը, սկսվեցին նախ ցեղասպան նացիստ գերմանացիների, ապա` ավելի ուշ, պաղեստինյան ահաբեկիչների և ասոցացված անձանց համակարգային լիկվիդացիաները:
Ողջ պրոցեսը երկար պատմություն է, բայց մի քանի կարևոր հանգամանք: Ոչ ոք` ում ձեռքերին հրեայի արյուն կար կամ կա, կամ ով պլանավորում է որևէ հրեայի վնասել, կամ ով ասոցացված է որևէ կենսական վտանգավոր նախաձեռնության կամ արարքի հետ (այսօր էլ այդպես է) չպետք է այս աշխարհում մնա: Աշխարհի որևէ կետում նրան գտնում էին և կգտնեն և ուղարկում էին և կուղարկեն այնտեղ, որտեղից երբեք չեն վերադառնում:
Առաջին շրջանում գրեթե բոլոր այդպիսի սպանությունների համար պետությունը պատասխանատվություն չէր ստանձնում և ժխտում էր սեփական մասնակցությունը, բայց արդեն ավիացիայի և հատկապես դրոնների ու նաև բանակի կիրառմամբ օպերացիաների պատասխանատվությունը պետությունը սկսեց բացահայտորեն ստանձնել: Հետո էլի եկավ լուռ կամ ինչպես տերմինն է` «անաղմուկ ձեռագրով» սպանությունների շրջանը:
Մինչ այսօր Մոսադն ու Շինբեթը, Ամանը հազարավոր նման օպերացիաներ են իրականացրել, որոնք արդեն մի քանի տասնամյակ կոչվում են «թիրախային սպանություններ»: Աշխարհի ընդամենը մի քանի պետություններ փոխառել են իսրայելական մեթոդները և սեփական հատուկ օպերացիաների հարցում օրինակ են վերցնում հենց Իսրայելից: Անգամ ԱՄՆ-ը` հետսեպտեմբերտասնմեկյան շրջանում սկսեց հենվել հենց դաշնակից Իսրայելի օրինակի վրա:
Կարևորն այս ամենում այն է, որ թեև երբեմն հակառակ էֆեկտն էր ստացվում, բայց գերակշիռ մեծամասնությամբ Իսրայելի նման օպերացիաները հասել են իրենց քաղաքական խորքային նպատակներին: Այդպես Իսրայելը տապալել է գերմանացի գիտնականների մասնակցությամբ Եգիպտոսի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որ սպառնալիք էր իր համար, այդպես Իսրայելը կասեցրել է Սադամ Հուսեյնի միջուկային ծրագիրը, այդպես Իսրայելը կասեցրել է տասնյակ օպերացիաներ իր դեմ և մահվան անխուսափելիությունն ակնհայտ դարձնելով` բարոյալքել հազարավոր իր թշնամի անհատների ու խմբերի:
Այսպիսով` թիրախային սպանություններն անասելիորեն արդյունավետ մեթոդ են պատերազմի պայմաններում: Դրանք սովորաբար խիստ բարդ և համակարգային օպերացիաներ են, որոնցից ամենաանհավանականների ու ամենաաննախադեպերի բացարձակ առաջնությունը դարձյալ պատկանում է Իսրայելին:
Այսօր, ամենայն հավանականությամբ հենց Ուկրաինան, Ռուսաստանում իրականացրել է հենց այդպիսի գործողություն: Ամենայն հավանականությամբ` չափազանց բարդ և չափազանց ռիսկային, բայց անվախ և քաղաքական ահռելի հետևանքներ ենթադրող հատուկ գործողություն:
Ոչնչացվել է Կրեմլի հավատարիմ պրոպագանդիստը: Ոչնչացվել է հենց կրեմլյան օբյեկտում: Ոչնչացվել է հավանաբար այն հայտարարությունների համար, որ արել էր, այն ազդեցության համար, որ ձեռք էր բերել և որպես դաս` մյուս ռուս պրոպագանդիստներին:
Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան նոր ճակատ է բացում այս պատերազմում: Եվ դա փոխելու է պատերազմի ընթացքը` հանրային դաշտում: Այս մեսիջը ստանալու են մյուս հակաուկրաինական պրոպագանդիստները ևս, իսկ հակաուկրաինական գործիչների շրջանում առաջանալու է խոր վախ և անվստահություն սեփական ապագայի նկատմամբ: Իսկ դա չի կարող իրական հետևանքներ չունենալ:
Ուկրաինանա նաև դրանով ցույց է տվել, որ ինքը անչափ վճռական է, անվախ և որ թշնամու երկրի սրտում անգամ կարող է և ունակ է նման որակի գործողություն իրականացնել:
Այլ խոսքերով` սա Ուկրաինայի իսրայելացում է: Մի քայլ, որ Ուկրաինային հսկայական կիրառական ու գործնական դիվիդենտներ է բերելու և ևս մեկ քայլով մոտեցնելու է իր երազանքին»:
Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան