Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։:
Միրզոյանը հայտնեց, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև ստորագրվել են 2023-2024 համատեղ գործողությունների պլան:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկկողմ օրակարգի, իրավական դաշտի, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր նաև տնտեսական հարաբերություններում, բիզնես կապերում առկա ողջ պոտենցիալի իրագործման համար»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման հարցերը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկու երկրի համագործակցության մասին՝ «Արևելյան գործընկերության», նաև «Եվրոպական քաղաքական համայնքի» շրջանակներում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ՝ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: