Ոստիկանը պետք է շատ հանդուրժող լինի, բայց անընդհատ հանդուրժել պետք չէ: Սեպտեմբերի 13-ին Լոռու մարզում աշխատանքային խորհրդակցություն անցկացնելով՝ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով հանրահավաքներին, երթերին ոստիկանների և ակտիվիստների բախման և ոստիկաններին վիրավորելու դեպքերին: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:

«Տարիներ շարունակ հանդուրժել ենք։ Ամենատարբեր հանրահավաքների, երթերի, մասսայական միջոցառումների ժամանակ ոստիկանությունը գտնվել է իր դիրքերում, շատ ավելի հանդուրժող է եղել։ Ոչ ադեկվատ է եղել, երբ լկտիանում են, իսկ ոստիկանությունն էդ լկտիությանը զսպվածությամբ է պատասխանում։ Էդ ժամանակահատվածը ես համարում եմ, որ արդեն անցել է»,- հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:

Շրջելով ոստիկանության շենքում, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանական բարեփոխումներին։ ՀՀ ոստիկանապետը նշել է, որ բարեփոխումները երբեք արդյունավետ չեն կարող լինել, եթե ոստիկաններն իրենք չբարեփոխվեն:

«Ոստիկանը ապրելակերպ է, մտածելակերպ է, դա 24 ժամ ոստիկան է»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Նա նշել է, որ եթե առաջիկա մեկ-երկու տարում Ոստիկանությունը կարողանա 50 տոկոսի հասցնել բարեփոխումները, ապա կդառնան աշխարհի ամենալավ ոստիկանությունը: