Մշակվել է օրենքի նախագիծ` ազատամարտիկների համար առաջնահերթություններ սահմանելու համար, որով կփոխհատուցվեն նաև Արցախյան ազատամարտիկների ավանդները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա նշեց, որ կառավարության կողմից առաջարկ է եղել մի փոքր հետաձգելու օրենքի քննարկումը, սակայն նա հույս հայտնեց, որ առաջիկայում այն քննարկման առարկա կդառնա:
Հովհաննես Մարգարյանի խոսքերով, առաջնահերթություններ պետք է ստանան բոլորը` այդ թվում Հայրենական պատերազմի մասնակիցները: Նրա խոսքերով, պետք է նաև օրենքով ամրագրվի, թե ովքեր են համարվում ազատամարտիկներ:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք արդարացված է ազատամարտիկների նստացույցը, նա պատասխանեց «Մենք պետք է մշտապես հիշենք, որ այն ինչ կարող ենք անել նրանց կյանքը թեթևացնելու համար` արդարացված է, քանի որ նրանք իրենց կյանքն են զոհել մեզ համար», - նշեց նա, հավելելով, որ ազատամարտիկների խնդրի ցանկացած լուծում արդարացված է:


