Ազգային ժողովի նախագահի արարքն անընդունելի է, ինչ էլ որ արած լիներ քաղաքացին: Այս մասին   ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:

«Յուրանքանչյուր մարդու համար անընդունելի արարք է դա: Մանավանդ երբ դա արել է Ազգային ժողովի նախագահը: Նա երբեք իրեն պետք է թույլ չտար, պետք է ունենար բարոյական այնքան հիմք, որ նման բան մտքով անգամ չանցկացներ»,- նշեց Հրանտ Թոխատյանը:


Անդրադառնալով իշխանականների այն դիտարկմանը, թե քաղաքացին ԱԺ նախագահին «դավաճան» անվանելով պետական ինտիտուտի նկատմամբ է անհարգալից վերաբերումք է ցուցաբերել, Թոխատյանն ասաց.

«Դե ուրեմն թող պետական ինստիտուտն իրեն այնքան նորմալ պահի, որ քաղաքացու մտքով նման բան չանցնի: Դա իրենց մտածելու բանն է»:

Հարցին՝ այդ միջադեպից հետո արդյո՞ք Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից, Հրանտ Թոխատյանն ասաց. «Դա արարք է, որին չգիտեմ՝ ինչ պատիժ է պետք: Գիտեք, եթե իր շեֆը պատերազմը տանուլ տալուց հետո հրաժարական չտվեց, դժվար Ալեն Սիմոնյանը թքելու համար հրաժարական տա»:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում պատմել էր, որ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնապահներին՝ բռնել իրեն եւ թքել է իր դեմքին այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։

««Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- գրել էր Սիմոնյանը: