Մաքսային միությանը միանալով վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը և Ղարաբաղի ապագան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, նման կարծիք հայտնեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով վտանգված է Հայստանի ազատությունը և իր հետ համակարծիք են շատերը: «Ամռան ընթացքում ես այցելել եմ բոլոր մարզեր, որտեղ հանդիպել եմ բնակչության հետ. բնակչության մի մասը առաջարկում է «քշել» ապօրինի իշխանությունը, ոմանք անգամ առաջարկում են ոչնչացնել այն»: Նա նշեց, որ իրավիճակից ելքեր փնտրել է պետք:

Խոսելով արտաքին քաղաքականությունից, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունը թուրք-ամերիկյան ճակատում ազգային շահը ենթարկում է փորձարարական առաջարկների, իսկ վերջին շրջանում առանց որևէ հիմնավորման երկրի ինքնիշխանությունը դնում է նժարի վրա և կայացնում միանձնյա որոշումներ:

Ր. Հովհաննիսյանը դրական արձագանքեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցին Հայաստան, քանի որ վերջինս բողոքել է քաղաքացիական ակտիվիստներին բռնությունների ենթարկելու համար, սակայն առաջնորդի խոսքերով, պետք է խոսվի նաև ընտրությունների կեղծիքների մասին: