ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական արտադրանքի արտադրությունը, որպեսզի արեւմտյան դաշինքը կարողանա շարունակել աջակցել Ուկրաինային ռուսական լայնածավալ ներխուժման դեմ պայքարում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«ՆԱՏՕ-ի առջեւ կանգնած հիմնական մարտահրավերն այն է, որ այս պատերազմը վերածվել է հյուծման պատերազմի, ինչը նշանակում է թիկունքայինների ճակատամարտ՝ ռազմամթերք, զենք եւ այլ պաշարներ առաջնագիծ բերելու համար», - ասել է նա:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ելույթի ժամանակ Սթոլթենբերգն ասել է, որ պատերազմի սկզբում, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին, ՆԱՏՕ-ի երկրները «սպառել են իրենց սեփական պաշարները»։

«Այնպես որ, այժմ մենք քրտնաջան աշխատում ենք արտադրությունն ուժեղացնելու համար, որպեսզի կարողանանք շարունակել աջակցել Ուկրաինային, քանի որ դա չափազանց կարեւոր է», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նախագահ Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, բայց դա վտանգավոր կլինի նաեւ ՆԱՏՕ-ի անդամների համար»,- ասել է նա։

Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքի անդամներին ուղղված իր ուղերձն այն է, որ «մենք պետք է աջակցենք Ուկրաինային, քանի որ մեր անվտանգության շահերից է բխում ցույց տալ, որ նախագահ Պուտինը չի հաղթի Ուկրաինայում»: