Ես եկել ու ասել եմ, որ արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին: Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով լուրերին, թե ինքը հեռացել է Արցախից՝ ռողջական խնդիրների պատճռով, Վարդանյանն ասաց. «Ինձ լավ եմ զգում, ռուսների մոտ մի լավ խոսք կա՝ Не дождётесь: Ինձ թվում է՝ հօգուտ մեր թշնամու քարզչություն է գնում, որ մարդկանց մեջ խուճապ, վախ գցվի, որ մարդիկ վախենան ու այստեղից դուրս գան։ Թող հույս չունենան։ Գաղափարը, հույսը սպանելը․․․ իրենք դա 2.5 տարի անում են, որ մենք այստեղ հուսահատվենք, դա չի լինելու, եւ ես դա ասում եմ վստահորեն, որովհետեւ ես գիտեմ արցախցիներին, իրենց մեջ այդ բանը կոտրելը, ներքին ուժը փոշի դարձնելը չի ստացվելու։

Երկրորդը․ ի՞նչ է նշանակում՝ լքել կամ չլքել Արցախը, ես անում եմ այն, ինչ համարում եմ կարեւոր. երկու ուղղություն, առաջինը՝ ներսում մեր հասարակությանը համախմբելը, երկրորդը՝ Արցախի ընկերները պետք է իմանան, թե ինչ է կատարվում։ Եթե պետք լինի՝ կգնամ, եթե պետք լինի՝ կգամ, բայց ես այստեղ եմ, որովհետեւ համարում եմ, որ իմ՝ այստեղ լինելը կարեւոր է։ Իսկ այդ բամբասանքներն անում են մի բանի համար, որ մարդիկ ոչ մեկին չհավատան։ Ուզում եմ արցախցիներին ասել․ մի բան իմացեք՝ Ռուբենն ունի թերություններ, ունի տարբեր բաներ, որոնք մարդկանց կարող են դուր գալ կամ չգալ, բայց մի բան կա իմ մեջ, որ իմ ուժն իմ խոսքի մեջ է․ եթե ինչ-որ բան ասել եմ, անում եմ։ Այդպես ապրում եմ ու ապրելու եմ մինչեւ կյանքիս վերջը»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե պնդումներին, թե Լաչինի միջանցքը փակվել է իր՝ պետնախարար լինելու պատճառով, Վարդանյանն արձագանքեց. «Այդ բոլոր կոնսպիրոլոգիական գաղափարները, թե պարոն Վարդանյանը դուրս կգա, մենք ամեն ինչ կունենանք, դա արվում էին թիրախավորված։ Իհարկե, Ադրբեջանը զգաց, որ մարդիկ դեկտեմբերի այդ ցրտին, այդ ծանր ժամանակ համախմբված էին այս հրապարակում եւ ասում էին՝ մենք պայքարում ենք, դուրս չենք գալիս, չենք ենթարկվում։ Այդ ուժը շատ կարեւոր է այս պայքարի մեջ, եւ առանց դրա ոչ մի բան չենք կարող անել, որքան էլ զենք ու փող ունենանք։ Նպատակը մեր ոգին ամեն կերպ թունավորելն ու թուլացնելն էր։ Ո՞վ գիտի, գուցե իրենք ադրբեջանցիների հետ շփվում են, ադրբեջանցիների՞ց են այդ ինֆորմացիան ստանում, ես չգիտեմ, որովհետեւ ես վստահ էի ու իմ վերջին ելույթում ասել եմ, որ ես համաձայն չէի այդ որոշման հետ, որովհետեւ ես ուզում էի պետնախարար մնալ, որովհետեւ ես գիտեի, որ այդ ամենը չի իրականանալու, որ գազ կունենան, լույս կունենան, եթե Ռուբենը դուրս գա։ Ես դա գիտեի ու ասել եմ նախագահին եւ դա բաց եմ ասել։ Մյուս կողմից, իհարկե, հասկանում էի, որ նախագահն իրավունք ունի, երկրորդը՝ ես 100 տոկոս չէի ուզում դառնալ այն մարդը, որ վնաս է բերում Արցախի ժողովրդին։

Նա անդրադարձավ նաեւ մեղադրանքներին, որ ինքը կտրականապես չի ընդունում Ադրբեջանի հետ բանակցությունների անհրաժեշտությունը. «Ես միշտ ասել եմ, որ ես այն մարդն եմ, որ կյանքումս հազարավոր բանակցություններ եմ տարել, բայց բանակցելու համար շատ կարեւոր է, որ երկու կողմերը միմյանց ընդունեն։ Եթե մենք ունենք լրիվ տարբեր կարծիքներ, մենք ասում ենք, որ մենք բանակցության կողմ ենք, Ադրբեջանն ասում է` դուք կողմ չեք, դուք չկաք, դուք առանձին անձեր եք, մենք չգիտենք՝ Արցախն ինչ է, մենք որպես պետություն չենք ընդունում, եւ ասում էին, որ դա չի լինելու։ Բանակցության համար մյուս կողմը մեզ պետք է ընդունի որպես կողմ, դրա համար մենք շատ հստակ պիտի մեր դիրքորոշումը հայտնենք, ասենք, որ մենք այստեղ ենք գտնվում, դուք՝ այստեղ, իրարից շատ հեռու ենք գտնվում, բայց եկեք նստենք-խոսենք։ Եթե իրենք մեզ չեն ընդունում, ուրեմն չի կարող բանակցություն լինել, իրենք ասում են՝ դուք պետք է մեզ ենթարկվեք։ Ես եկել ու ասել եմ՝ մենք չենք ենթարկվելու, որովհետեւ դա անընդունելի է, արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին, եւ վերջ։ Պատրա՞ստ ենք մենք բանակցության, այո, պատրաստ ենք, պատրաստ ենք հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք առանց ենթարկվելու իրար` կողք-կողքի ապրել, բայց դրանք ուրիշ բանակցություններ են»:

Հարցին, թե ինչու չստացվեց իր համագործակցությունը Արցախի նախագահի հետ, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. Ես եւ Արայիկ Հարությունյանը տարբեր ոճի ղեկավարներ ենք, ես ավելի կտրուկ էի, ավելի հստակ ասում էի, որ խաղի կանոններին բոլորը պետք է ենթարկվեն, ով չի ենթարկվում, պետք է պատժվի:

Ցավոք սրտի, նախագահը տարբեր պատճառներով ավելի քաղաքական ոճով էր ղեկավարում: Այս ճգնաժամից դուրս գալու համար պահանջվում էր համախմբված մտածելակերպ, որը չեղավ: Մենք ունեինք իրավիճակ, որ ինքը ուներ ճնշում եւ ներսից, եւ դրսից: Իր որոշումն է եղել, որ Արցախի համար ավելի ճիշտ կլինի, որ ես դուրս գամ պետնախարարի պաշտոնից: Բայց դա ոչինչ չի փոխել»: