Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շտապ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նիստ գումարել՝ քննարկելու համար օկուպացված պաղեստինյան տարածքներում ստատուս-քվոյի հարցը, տեղեկացրել է Mehr-ը։
Հինգշաբթի Ինդոնեզիայի պաշտոնակցի՝ Ջոկո Վիդոդոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռայիսին պահանջել է, որպեսզի 57 անդամ ունեցող մարմինը շտապ նիստ գումարի՝ համատեղ որոշում կայացնելու համար, թե ինչպես պետք է պաշտպանել անմեղ պաղեստինցիների իրավունքները եւ դիմակայել Թել Ավիվի վարչակարգի հանցագործություններին եւ գազանություններին։
«Մուսուլմանական աշխարհի միասնությունը անհրաժեշտություն է, որպեսզի դիմակայենք սիոնիստական վարչակարգի ագրեսիային եւ հանցագործություններին»,- ասել է Ռայիսին։
«Իրանի նախագահը նշել է, որ մուսուլմանական աշխարհը՝ որպես գլոբալ հարթության ազդեցիկ անդամ, մեծ ինտեգրման կարիք ունի։
Ռայիսին ասել է, որ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված մուսուլմանական երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը։
Վիդոդոն, իր հերթին, ողջունել է իրանցի գործընկերոջ կոչը՝ Պաղեստինում ԻՀԿ-ի շտապ նիստ գումարելու մասին, հույս հայտնելով, որ այդ միջոցառումը կարող է նպաստել մուսուլմանական պետությունների միջեւ կապերի ամրապնդմանը։
Երկու նախագահները քննարկել են նաեւ Թեհրանի եւ Ջակարտայի միջեւ հարաբերությունները եւ ընդգծել այդ կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը...
Այս հեռախոսազանգից շատ չանցած՝ ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարությունը տեղեկացրել է, որ շաբաթ օրը Ջիդայի գլխավոր քարտուղարության կենտրոնատեղիում (Սաուդյան Արաբիա) տեղի կունենա Գործադիր կոմիտեի բաց կազմով արտակարգ նիստ՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով, կքննարկվեն իսրայելական օկուպացիոն ուժերի ներխուժումները եւ հարձակումները Ալ-Աքսայի մզկիթի եւ հավատացյալների դեմ»,- գրել է իրանական ԶԼՄ-ն։